Էմմա Պապիկյան
Էմմա Թորգոմի Պապիկյան (ապրիլի 22, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
Էմմա Պապիկյանը ծնվել է 1957 թվականին, Երևանում։ Հայրը եղել է ինժեներ։ Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից։ 4 տարեկան հասակում սովորել է երաժշտություն և Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տվել իր առաջին մենահամերգը։ Դպրոցական տարիներին հանդես է եկել բազմաթիվ համերգներով Երևանում, Մոսկվայում, Բուլղարիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ 1982 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի կոնսերվատորիան՝ Տ. Նովիչենկոյի դասարանը, որին զուգահեռ սովորել է կոմպոզիցիա ու նկարչություն Ռեպինի ակադեմիայում։ 1983 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Առաջին դերերգը եղել է Շեմախանյան թագուհին՝ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» օպերայում, որից հետո հրավիրվել է Մոսկվայի Մեծ թատրոն։ Հետագայում մեկնել է «Լա Սկալա», որտեղ սովորել է Ջուլիետա Սիմիոնատոի և Լուչիանո Սիլվեստրի մոտ՝ հաղթելով Մոսկվայում միայն մեկ տեղի վերապատրաստման համար մրցույթում խորհրդային միության 16 երկրների մասնակիցներին։ Մեկ տարվա ընթացքում դարձել է 6 միջազգային մրցույթների դափնեկիր՝ Վոչե Վերդիանի, Վոլտոլինիև այլն, և հանդես եկել բազմաթիվ մենահամերգներով Իտալիայի ավելի քան 24 քաղաքներում։
1988 թվականին Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետտայի դերերգով մասնակցել է Պերմի փառատոնին և ամբողջ այդ ներկայացման հասույթը փոխանցել Գյումրու երկրաշարժից տուժածներին։ «Լա Սկալա»-ում վերապատրաստման ընթացքում թատրոնը հրավիրել է երգչուհուն երգելու համաշխարհային առաջին ներկայացման մեջ՝ ֆռաու Շվագեշտիլի դերերգը Մանձոնիի «Դոկտոր Ֆաուստ» օպերայում։
Երգել է բազմաթիվ դահլիճներում՝ Լա Սկալա (Իտալիա), Մեծ թատրոն (Ռուսաստան), Քարնեգի Հոլ (ԱՄՆ), Գավո դահլիճ (Ֆրանսիա), Համբուրգի մեծ ֆիլհարմոնիա (Գերմանիա), Բեյրութի Յունեսկո դահլիճ (Լիբանան) և այլն։ Հրավիրվել է բազմաթիվ միջազգային փառատոների՝ Քորեջի դ՛Օռանժ (ֆրանսիա), Իթիեն (Իտալիա), Մակսակովա և Բառսովա (Ռուսաստան) և այլն։ Մասնակցել է բազմաթիվ կառավարական համերգների Ստրասբուրգում, Եգիպտոսում, Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Հայաստանում և այլուր։ Փարիզի միջազգային արվեստի ընկերության հիմնադիր նախագահն է։