Պապին Պողոսյան
Պապին Պողոսյան (հունվարի 2, 1952, Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։
Կենսագրություն
Պապին Պողոսյանը ծնվել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում։ 15 տարեկան հասակում մասնակցել է Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթին և արժանացել ոսկե մեդալի, ապա ձայնագրվել հայ մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում։ 1970-ական թվականներին սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ-դասական բաժնում։ 1978 թվականից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգիչ։ Անսամբլի հետ ունեցած ավելի քան 100 ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում։ Համագործակցել է Բոստոնի «Երևան» երգչախմբի և Հայաստանի Ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային ջազ նվագախմբի հետ։
1991 թվականին Մոսկվայում թողարկել է «Հավատքի երգ» ձայնասկավառակը։ Հայաստանի անկախացումից հետո, հայ երգը ներկայացրել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում։ Արցախի պատերազմի տարիներին մի շարք բարեգործական համերգներ է ունեցել՝ օգնելու ազատամարտիկների ընտանիքներին։ 1995 թվականին առանձնացել է Մերանգուլյանի անվան նվագախմբից և ստեղծել ու ղեկավարում է «Վերածնունդ» ժողովրդական էստրադային անսամբլը։ Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի։ 1997 թվականին և 2001 թվականին Մոսկվայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակի։ Հանդիսացել է հայ գուսանների և կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը։ Եղել է Երևանի «Մշակույթ» համալսարանի մշակույթի բաժնի դեկանը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, որոնցից է «Երևանի սիրուն աղջիկ»-ը։ 2006 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ 2011 թվականին նկարահանել է «Ասա ընկեր» տեսահոլովակը։