Դուետը հիմնադրվել է 2000թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում: Նույն թվականին քույրերն արդեն ընդունվել էին Հայաստանի Երգի պետական թատրոն, որտեղ կատարել են ինչպես ազգային, այնպես էլ Արթուր Գրիգորյանի և Անուշ Արշակյանի գրած երգերը: Իբրև թատրոնի գլխավոր երգիչներ, հանդես են եկել Հայաստանի բազմաթիվ քաղաքներում: 2002թ. հյուրախաղերով եղել են Լոս Անջելեսում, որտեղ հանդես են եկել «Ալեքս» թատրոնում: 2003թ. թողարկվել է նրանց առաջին ալբոմը՝ «Մենք ենք այս սարերը», որից հետո նրանց հրավիրել են Շառլ Ազնավուրի 79-ամյակին: 2004թ. «Թամզարա» երգի համար նկարահանվել է նրանց առաջին տեսահոլովակը, իսկ 2006թ. թողարկվել է «Թամզարա» ձայնասկավառակը, որը Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը արժանացել է «Լավագույն կանացի փոփ-ռեթրո ալբոմ» մրցանակին, իսկ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` Տ.Նաղդալյանի անվան Հատուկ մրցանակի` «Թամզարա» երգի համար (2005թ.): 2008թ-ից համագործակցում են «Շարմ» ընկերության հետ: Քույրերն իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային և ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ և ներկայացնում են դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ: 2011թ. լույս է տեսել քույրերի «Ճանապարհ» համերգ-տեսաֆիլմը, որը նախորդ տարի կայացած նրանց մենահամերգն է՝ միքսված հյուրախաղերից և համերգներից հատվածների հետ: Հյուրախաղերով եղել են Թեհրանում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Արգենտինայում, Փարիզում և այլուր: 2005թ. արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին` հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման և բարձր կատարողական ունակությունների դրսևորման համար: 2009թ. դուետը «Ջան-Ջան» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն թվականին թողարկել են թվով երրորդ՝ «Մենք ենք, մեր սարերը» ձայնասկավառակը: Քույրերն արժանացել են նաև մի շարք այլ մրցանակների՝ Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դուետ» (2009թ., 2011թ.), «Կախարդական ձայն» (2013թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» (2009թ.), «Տարվա լավագույն երաժշտական նախագիծ» (2010թ.), «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա ամենաոճային տեսահոլովակ» (2011թ.) և այլն: 2014թ. թողարկել են թվով չորրորդ՝ «Էսքիզ» ձայնասկավառակը: Նկարահանել են ավելի քան 10 տեսահոլովակ: Նրանց երգացանկից առավել հայտնի են «Թամզարա», «Սեր Երևան», «Դոն հայ», «Գութան», «Իմ անունը Հայաստան է», «Մենք ենք, մեր սարերը», «Ջան-Ջան», և կատարումներ: 2014թ. քույրերն արժանացել են Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Անուշ Արշակյան
Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում: 1994թ. արժանացել է Օմսկ քաղաքում տեղի ունեցած երաժշտական մրցույթի գլխավոր մրցանակին: Այդ ժամանակվանից սկսել է հանդես գալ որպես հեղինակ և երգահան: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժին: 1999թ. հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` որպես գլախավոր մենակատար: 2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:
Ինգա Արշակյան
Ծնվել է 1982թ. մարտի 18-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: Ուսման հետ համատեղ աշխատել է Գ.Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2000թ. միացել է քրոջը և համատեղ ստեղծել են երաժշտական դուետ: 2015թ. որպես «Genealogy» խմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվել է Վիեննայում: