X
Սուսաննա Սաֆարյան

Սուսաննա Սաֆարյան

Սուսաննա Ամբիկի Սաֆարյան (հուլիսի 5, 1955, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն

Սուսաննա Սաֆարյանը ծնվել է 1955 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում, դասատու՝ Վերգինե Հովհաննիսյան։ Որպես մեներգչուհի 1976 թվականից աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։ 1987 թվականից սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ժողովրդական երգի դասարանում, դասախոս՝ Արզաս Ոսկանյան։ Սովորել է ասպիրանտուրայում, ասպիրանտական ուսումնասիրության թեման եղել է «Հայկական օրորներ»ը։ Որպես երգի դասախոս աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1990 թվականից Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի, 1995 թվականից` Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի երգչուհի։ Ռադիո-հեռուստատեսային ծրագրերում ներկայացել է «Պանդխտության երգեր», «Հույզի մեղեդի», «Հավերժող կրակ», «Հայկական օրորներ», «Մայրս» համերգաշարերով։ Զբաղվում է երգահավաքությամբ, գրի է առել երգեր, որոնք մշակել և ձայնագրել է «Գանձեր» համույթի, «Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի», «ՀՀ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Գվինեայում, Սենեգալում։ Սուսաննա Սաֆարյանը գրում է բանաստեղծություններ, երգեր, որոնք հնչում են նրա համերգային ծրագրերում։

Պարգևներ

  • ՀԼԿեմ դափնեկիր
  • Սայաթ-Նովայի անվան մրցույթի 1-ին մրցանակ
  • Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)